понедельник, 4 октября 2010 г.

Ես հավատում եմ քո գալուստին

Ես հավատում եմ քո գալուստին,
Վերադարձիդ, սակայն, չեմ հավատում,
Հիմար կրկնությամբ թևաթափ է հոգիս,
Նոր սիրո ծարավն եմ հիմա վայելում...
Ես հավատում եմ միակ գալուստիդ,
Վերադարձիդ, սակայն, չեմ հավատում...

суббота, 2 октября 2010 г.

Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ

Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,
Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝
Նայելով գառան աչքերին,
Որտեղ Աստծու աչքերն է որոնում...

Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում
Եվ հույսի հանգրվան փնտրում
Պապուս մատաղացու աչքերում...
Ես գնում եմ որդիներիս հետքերով,
Որպեսզի նրանք չվերադառնան իմ չանցած ճանապարհով...

Ես հավասարապես գիտեմ
Բոլոր լեզուները,
Որոնք հնչյուններ չունեն
Եվ ապրել եմ բոլոր ժամանակները,
Որոնք ինձ չեն պատկանում։

Ես քո նշաձև աչքերի միջից
Իմ արցունքներն եմ քամում
Քեզ չխոստացած մատաղի համար...

Քո անցած ճանապարհը
Անհնար է գտնել
Համակարգչի արցունքոտ աչքերում...

Մոռացա դիակդ այրել

Մոռացա դիակդ այրել,
Որպեսզի չհանդգնեմ լիզել այն...

Կիսատ տողերի արանքից
Քո պաղ աչքերն եմ հանում
Սիրուց ծանրացած աչքերով
Եվ խոնարհվում եմ...

Կրակիցդ մոխրացած մարմինս է
Ոտքերիդ տակ...

четверг, 2 сентября 2010 г.

Քամին սողոսկում է

Քամին սողոսկում է.
Վերակենդանանում է խոստումը
Անավարտ…
Ժամերը բառ չունեն…
Ես հանդգնում եմ երևակայել
Քո գաղտնի բառը
Իմի մեջ…
Մեզանից մեկը պետք է հեռանա
Արցունքներ վերադարձնելու…

среда, 1 сентября 2010 г.

воскресенье, 29 августа 2010 г.

Ծխախոտը անջրպետում է մատներս

Ծխախոտը անջրպետում է մատներս.
Ձեռքերս, որ քեզ են սովոր,
Քնքշանք է հյուծում...

Ոտքերս գրկում են իրար.
Գիրկս, որ ապաստան չդարցավ,
Հույզեր է խոշտանգում...

Եվ օրս, որ օր չէ բնավ,
Կարոտս, որ կարոտ չէ արդեն,
Ու խաչս, որ առանց ինձ խաչվեց,
Աղոթք է միայն...

вторник, 24 августа 2010 г.

суббота, 21 августа 2010 г.

Ագռավաքարից մինչև իմ ծնունդը

Ագռավաքարից մինչև իմ ծնունդը
Տարածություն է,
Կիսասաղմը հավերժության մեջ ձգող պորտալար,
Որտեղ ծնունդն ու մահը չեն հանդիպում
Ինձ ապրեցնելու համար...

Արևին ժպտացող լուսնի շողոքորթ ժպտի նման
Հայրենիքս տեղավորում է աշխարհի հայելու մեջ.
Խաչից այն կողմ փլատակ է,
Այս կողմ` խաչե հիմ
Լուսնի մահիկ-յաթաղանից վախվորած...

Թալեաթի ներբանները հագած
Գյուլի քաղաքակիրթ ոտքերն են
Կեսհայրենիք մտնում...

Եվ կես եղած մի ժողովուրդ
Հայ-թուրքական սահմանի բացմամբ
Փոքր Մհերի վերադարձն է ուրվագծում
Ցորենով բեռնված վագոնների տեսքով...

Ես ոչինչ չունեմ հիշելու,
Ագռավաքարից մինչև իմ ծնունդը
Եղեռն է եղել...

вторник, 17 августа 2010 г.

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

1

Հավերժ
Մահվան սահմանին…

Ովքեր պիտի լիզեն
Իմ մարմինը
Քո վերքերից…

Կաթող թարախ
Արյան տեսիլքում…

2

Վերքը վերապրում է
Լեզվի վրա.
Հայոց լեզվի…

понедельник, 16 августа 2010 г.

Դիմում

Մշակներդ` անդաստական,
Մեծամեծերդ` անլվա Պիղատոս,
Իմ' սուրբ հայրենիք,
Ինձ երեսուն արծաթը բավական է
Քեզանից հեռանալու համար...
Հայաստանի Հանրապետություն
Սուրենավան
Չորացած այգիներով փողոց
Աշոտ Գաբրիելյան

ՁԵԶԱՆԻՑ ԲԱԺԻՆ ՈՒՆԵՄ, ՏՂԵՐՔ…

1.

Ջղերս, որ արձագանք են ուզում,
Կախվում են մահվան սարդոստայնից…

2.

Ձեզ, որ փսլինք եք թափում
Ու ծեփում լորձանման պատկերներ,
Ես իմ խոսքն եմ ասում,
Որ պատկեր չէ պատկերի մեջ,
Եվ ոչ էլ կեղծիք` կեղծիքին բարդված,
Այլ արյունս է, որ դարերով
Գլորվում է երակներիս մեջ
Ու սիրտս հուզում…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

Երգս, որ արձագանք չուներ,
Մահ էր…

3.

Հիմա, ինչպես երբեք,
Առողջ թոքեր են անհրաժեշտ.
Հիմա, ինչպես երբեք,
Ատում եմ մելամաղձ ու թախիծ.
Պատկերներ, որ արցունք են կաթում
Ու թափվում աղջկա կոնքերին,
Լացում են երկար ու երկար
Փողոցում ծեծված շան նման…

Ու փողկապ հագած պատկերներ,
Որ փողոցն են երկրպագում,

Հիշում եք` նա լքեց մեր շարքերը, տղերք,
Երբ ինչ-որ գիտաժողովի էր գնում…

4.

Համահարթեցում
Համահարթեցում
Համահարթեցում
Տաղանդների…

Արդուկած ուղեղներ
Ու արդուկած ծալքեր շալվարի.
Ու արդուկած լաթերի միջից
Մի ձեռք է ցցվում մուրացկան.
Պոեզիա
Պոեզիա
Պոեզիա
Գետնատարած…

Բարևեք նրան ու անցեք…

Անավարտ մի երգ կլկլան
Կրկտված աղբամանի ընդերքից,
Առել է հոգի ու բերան,
Ուզում է ականջներ սղոցի…

Եկել են երգիչներ նորաթուխ,
Նվաճել երկիր ու եթեր,
Շուտով տիեզերք կհասնեն,
Բայց սրտիդ, ավաղ, չեն հասել…

Ու երգեր` լղոզված շրթներկով,
Շպարված հաստաոռ տիկին.
Նա միայն ուզում է սուրճ խմել,
Ուրիշ ոչինչ, տղերք,
Ոչինչ…

Գետնատարած
Գետնատարած
Գետնատարած…
Տեղապտույտ`
Ձևի
Բանի…
Անջրպետ`
Սրտի
Բառի…
Լղոզած հոգիները
Դարի…
Խժաբարբառ
Սին քանքարի…
Հառնում է արձանը
Դոլարի…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

5.

Լվացված երգեր`
Պարանից կախված,
Պաննո է թվում
Երգասացներին…
Տեսիլապատրանք
Ու ինքնախաբկանք,
Պայթող պղպջակ`
Ուրիշի երգից…

Շողէջ մի խոստում.
Տառադարձումներ…
Կեղծ բարեպաշտներ
Նոր հայերենի…
Լիզում են շան պես
Բառեր ու տառեր
Ու քծնում բառին
Ստրուկների պես…

Եվ հեռվից եկած
Կարոտներ անափ,
Որ չեն ձուլվելու
Հայրենի բանին,
Դարձել են նրանք
Հաստափոր գրքեր
Բյուրոկրատի
Կոկիկ սեղանին…

6.

Ջղերս, որ արձագանք են ուզում,
Կախվում են մահվան սարդոստայնից…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

Երգս, որ արձագանք ուներ,
Արյուն էր….

Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը... (Եղիշե Չարենց)

Այստեղ իմ պոեզիան է, իսկ պոեզիան իմ կենսագրությունն է, որտեղ մահվան արտասուքները իմ օրերում հավատ են սերմանում ամեն ակնթարթ կյանքս վերագտնելու համար: Ուստի պոեզիան ապրում է, որ շարունակեմ տիեզերքի համերածխության մեջ մեռնել սովորել: