Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,
Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝
Նայելով գառան աչքերին,
Որտեղ Աստծու աչքերն է որոնում...
Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում
Եվ հույսի հանգրվան փնտրում
Պապուս մատաղացու աչքերում...
Ես գնում եմ որդիներիս հետքերով,
Որպեսզի նրանք չվերադառնան իմ չանցած ճանապարհով...
Ես հավասարապես գիտեմ
Բոլոր լեզուները,
Որոնք հնչյուններ չունեն
Եվ ապրել եմ բոլոր ժամանակները,
Որոնք ինձ չեն պատկանում։
Ես քո նշաձև աչքերի միջից
Իմ արցունքներն եմ քամում
Քեզ չխոստացած մատաղի համար...
Քո անցած ճանապարհը
Անհնար է գտնել
Համակարգչի արցունքոտ աչքերում...
Комментариев нет:
Отправить комментарий