понедельник, 16 августа 2010 г.

ՁԵԶԱՆԻՑ ԲԱԺԻՆ ՈՒՆԵՄ, ՏՂԵՐՔ…

1.

Ջղերս, որ արձագանք են ուզում,
Կախվում են մահվան սարդոստայնից…

2.

Ձեզ, որ փսլինք եք թափում
Ու ծեփում լորձանման պատկերներ,
Ես իմ խոսքն եմ ասում,
Որ պատկեր չէ պատկերի մեջ,
Եվ ոչ էլ կեղծիք` կեղծիքին բարդված,
Այլ արյունս է, որ դարերով
Գլորվում է երակներիս մեջ
Ու սիրտս հուզում…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

Երգս, որ արձագանք չուներ,
Մահ էր…

3.

Հիմա, ինչպես երբեք,
Առողջ թոքեր են անհրաժեշտ.
Հիմա, ինչպես երբեք,
Ատում եմ մելամաղձ ու թախիծ.
Պատկերներ, որ արցունք են կաթում
Ու թափվում աղջկա կոնքերին,
Լացում են երկար ու երկար
Փողոցում ծեծված շան նման…

Ու փողկապ հագած պատկերներ,
Որ փողոցն են երկրպագում,

Հիշում եք` նա լքեց մեր շարքերը, տղերք,
Երբ ինչ-որ գիտաժողովի էր գնում…

4.

Համահարթեցում
Համահարթեցում
Համահարթեցում
Տաղանդների…

Արդուկած ուղեղներ
Ու արդուկած ծալքեր շալվարի.
Ու արդուկած լաթերի միջից
Մի ձեռք է ցցվում մուրացկան.
Պոեզիա
Պոեզիա
Պոեզիա
Գետնատարած…

Բարևեք նրան ու անցեք…

Անավարտ մի երգ կլկլան
Կրկտված աղբամանի ընդերքից,
Առել է հոգի ու բերան,
Ուզում է ականջներ սղոցի…

Եկել են երգիչներ նորաթուխ,
Նվաճել երկիր ու եթեր,
Շուտով տիեզերք կհասնեն,
Բայց սրտիդ, ավաղ, չեն հասել…

Ու երգեր` լղոզված շրթներկով,
Շպարված հաստաոռ տիկին.
Նա միայն ուզում է սուրճ խմել,
Ուրիշ ոչինչ, տղերք,
Ոչինչ…

Գետնատարած
Գետնատարած
Գետնատարած…
Տեղապտույտ`
Ձևի
Բանի…
Անջրպետ`
Սրտի
Բառի…
Լղոզած հոգիները
Դարի…
Խժաբարբառ
Սին քանքարի…
Հառնում է արձանը
Դոլարի…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

5.

Լվացված երգեր`
Պարանից կախված,
Պաննո է թվում
Երգասացներին…
Տեսիլապատրանք
Ու ինքնախաբկանք,
Պայթող պղպջակ`
Ուրիշի երգից…

Շողէջ մի խոստում.
Տառադարձումներ…
Կեղծ բարեպաշտներ
Նոր հայերենի…
Լիզում են շան պես
Բառեր ու տառեր
Ու քծնում բառին
Ստրուկների պես…

Եվ հեռվից եկած
Կարոտներ անափ,
Որ չեն ձուլվելու
Հայրենի բանին,
Դարձել են նրանք
Հաստափոր գրքեր
Բյուրոկրատի
Կոկիկ սեղանին…

6.

Ջղերս, որ արձագանք են ուզում,
Կախվում են մահվան սարդոստայնից…

Ձեզանից բաժին ունեմ, տղերք…

Երգս, որ արձագանք ուներ,
Արյուն էր….

Комментариев нет:

Отправить комментарий