Բառերը չպետք է ուշադրությունը շեղեն իրենց վրա, քանի որ ճշմարտությունը նրանցից դուրս է: Բասյո
Հոգուց թղթին տվածն արդեն Բանի աղճատում է, ասվածը` սխալ թարգմանություն: Ասված և չասված խոսքերի միջև պոեզիայի ընկալումն է:
Արդ` բոլոր թարգմանություններն ակամա միտում են պատումին, որը ասվածն է` պոեզիայի հմայքը թողնելով անթարգմանելիին` չասվածին: Չկա բանաստեղծություն առանց անթարգմանելիի:
Իրացումի հմայքը բանաստեղծներին ստիպում է փորձել թարգմանել անթարգմանելին: Սա ընթերցողից վստահություն կորզելու ջանքն է կամ հակառակը` ընթերցողին վստահելի դարձնելու մարմաջը: Իրականում` բանաստեղծությունը մնում է չասվածի տիրույթում, որը հասկանում են միայն ,լուսավորյալե հոգիները, որտեղ կարիք չկա ճամարտակության:
Բանաստեղծությունը հավերժականի ու ակնթարթի միահյուսումն է, որտեղ մեզ օգնության են գալիս պատկերները: Եվ եթե բանաստեղծը հասնում է դրան, ապա մնացածը զազրախոսություն է: Ամենակարևորը ճիշտ ժամանակին լռելն է` չասվածը պոեզիա դարձնելու համար:
Նորարարությունն ընդամենը խաղ է, կարևորը հավերժականի ու ակնթարթի միահյուսման մեջ հոգին չկորցնելն է, որպեսզի չասված խոսքերի ետևում բանաստեղծությունն ապրի: Ամենամեծ քաջությունը այս տիրույթում հանդարտ հոսելն է` չենթարկվելով ժամանակի քմայքներին:
Ահա ճապոնական պոեզիայի հմայքը:
Առանց երկբայելու պետք է ասել, որ ճապոնական պոեզիայի կայուն ձևերը մեզանում նախ և առաջ տարակուսանք են հարուցում: Մի՞թե սա պոեզիա է: Ինչ մեծ բան է Բասյոյի հետևյալ եռատողը.
Հին լճակ…
Գորտը ցատկեց ջուրը:
Ճողփյուն լռության մեջ:
Եվ երկրորդ` վտանգավոր է, որ առանց այս տարակուսանքը հաղթահարելու, աշխարհը սկսում է սիրել ու նմանակել այս պոեզիան: Եվ վտանգավոր է վերջապես, որ չեն հասկանում, որ պոեզիան սիրելու համար չէ: Պոեզիան սեփական հոգեվիճակն է, և այդ սեփականությունն ավելի է ընդգծվում միայն այն ժամանակ, երբ բանաստեղծը լռում է և թողնում, որ ընթերցողն ինքը հասնի հոգու սեփական վիճակին: Միջնադարի ճապոնացի դրամատուրգ Ձեամին ասել է, որ նկարիչը կարող է տալ բնության բոլոր գույներն ու տրամադրությունները` պարտադրելով, որ իր հոգին անգույն մնա ու անուշադրության մատնվի: Պետք է յուրաքանչյուրին ստիպել, որ իր հոգու գույները ինքը որսա, իսկ դրա համար անհրաժեշտ է լռությունը, չասվածի պոեզիան, որը կստիպի ներհայեցումի:
Մենք ավելի շատ փնտրում ենք բանաստեղծին, քան մեզ: Մենք ավելի շատ երկրպագում ենք բանաստեղծին, քան փորձում ենք հաղթահարել բանաստեղծին, որպեսզի չասված խոսքի տիրույթում լիարժեք ընկալման հասնենք և հաղթենք բանաստեղծին, իսկ ինքնավստահ բանաստեղծների զառացանքն ընդամենը ապտակ է իմ հոգուն: Ես ատում եմ չասված խոսքի թարգմանությունը և խոսքի մեջ թիրախների որոնումը: Բանաստեղծն ընդամենը աստիճան է, որտեղ յուրաքանչյուրն իր թիրախին պետք է հասնի: Թեկուզ խախուտ աստիճան:
Ինչը կստիպի մեզ հասկանալ Բասյոյին: Սա մշակութային լուրջ խնդիր է: Արվեստագետի կերպարի այն ընկալումը, որը տարածված է մեզանում, մեզանից վանում է բասյոներին, որովհետև մենք ինքնակեղեքիչների պես չենք ուզում մեզ տեսնել, որովհետև սեփական ես-ը հանուն ճշմարիտ արվեստի աննշան դարձրած արվեստագետներին չենք կարող հասկանալ: Մեզ ոսկե հորթեր են պետք: Մեզ շոուներ ու թամաշաներ են պետք, թեկուզ փողոցային մակարդակի: Մենք պետք է ծափահարենք ես-ը` մեզ թողնելով խավարում:
Ամեն տարի էլ միևնույն բանն է.
Կապիկն ամբոխին զվարճացնում է…
Կապկի դիմակով…. (Բասյո)
Պոեզիան երբեք չի ավարտվում, որովետև այն ինչ-որ տեղից չի սկսել: Հավերժականի ու ակնթարթի միահյուսումը բանաստեղծի ներդաշնությունն է աշխարհին, իսկ ներդաշնության մեջ պարտադրանք չկա: Ինձ ոչ ոք չի կարող բանաստեղծությամբ վարվել պարտադրել: Տիեզերքի ներդաշնությունից դուրս բանաստեղծը խամաճիկ է կամ իր ժամանակի ծաղրածուն, իսկ բանաստեղծին հրապարակ քաշ տվող հասարակությունը` անդաստիարակ:
Ճամփին մրսեցի:
Խրտվիլակից, ի՞նչ է,
Պարտքով շոր խնդրեմ: (Բասյո)
Մենք բանաստեղծության լեզուն քննում ենք միայն քերականական հիանալի իրացումների և բառախաղերի տիրույթում: Լեզվի հարստություն համարում ճամարտակելը, ավելին` ամբոխին ճարտասանությամբ գրավելը: Բանաստեղծության լեզուն քննելիս, մենք այդ լեզուն պատուհաս ենք սարքում հենց բանաստեղծության գլխին: Այս լեզվական հնարքներին ու վարժություններին որքա~ն բանաստեղծներ են տրվել ու սպանել իսկական բանաստեղծության լեզուն:
Բանաստեղծության լեզուն ավելի շուտ կապված է արտալեզվական գործոններից: Արդեն գրվածի ճիշտ թարգմանելու ընդունակություն է անհրաժեշտ, որը հաճախ ավելի խորն է, քան չասվածի լռությունը և սա նույնքան անթարգմանելի է, որքան չասվածը:
Եվ եթե այսօր մենք չենք կարողանում Բասյոյին ճիշտ թարգմանել ու ընկալել, ապա դա ավելի շատ արտալեզվական գործոններով է պատճառաբանվում: Խնդիրը աշխարհընկալման ու աշխարհըմբռնման մեջ է:
Յուրաքանչյուր լեզվի հմայքը իրերը հասկանալու յուրահատուկ կերպի մեջ է: Մինչև այսօր էլ մեզ համար վերջնական ճշգրիտ թարգմանելի չեն Կավաբատայի նոբելյան բանախոսության և վեպերի վերնագրերը, ինչը միայն ճապոնական լեզվի առանձնահատկություններով չեն պայմանավորված: Ավելին` յուրաքանչյուր բանաստեղծի լեզուն իրերը հասկանալու իր կերպն է, որտեղ համակարգված բառարաններն ու տեսություններն անելիք չունեն: Այստեղ մենք առնչվում ենք չասվածի պոեզիային, որը, համենայնդեպս, ավելի ցցուն է արտահայտվում ճապոնական պոեզիայում և որը առինքնում է Արևմուտքին: Առայժմ` միայն առինքնում: ,…կկարողանան արդյոք եվրոպացիները, որքան էլ բացատրես նրանց, հասկանալ Բասյոյի մեծությունը` հարցերի հարցն է ե,- ասում է Ակուտագավան, որը եվրոպական գրականության մեծ գիտակ էր և որը առաջիններից էր, որ փորձեց ճապոնական գրականությունը մերձեցնել համաշխարհային գրականության հոսքին:
Հարցերի հարցը` արդյոք մենք ընդունակ ենք հասկանալ յոձյոն կամ որքանով է այն անհրաժեշտ մեզ: Յոձյոն մեզ համար անթարգմանելի է: Կարելի է այն կոչել զգացմունքների անդրադարձ, ետզգացմունքայնություն, ակնարկ, թերասացություն, սակայն ոչ մեկը սրանցից առանձին վերցրած, այլ բոլորը միասին և էլի մի շարք այլ հասկացություններ, որոնց հանրագումարը մեզ կարող է գոնե շոշափելի հպել յոձյոյի բուն էությանը: ,Առանց յոձյոյի չկա պոեզիաե,-ասում է 12-րդ դարի խոշոր բանաստեղծ Ֆուձիվարա Տեյկան: Ասել, որ յոձյոն անհասանելի է Արևմուտքին, սխալ կլինի, սակայն այն այստեղ արվեստի, առավել ևս պոեզիայի մեկնակետ, իսկ պոեզիայի ընկալման տիրույթում` հանգրվան երբեք չի եղել:
Մենք մոնո-նո ավարեն (,իրերի թախծոտ հմայքը ե) գեղագիտական կարևորագույն սկզբունք չենք ունեցել, որովհետև մեր բանաստեղծների կիրքը սեփական շնորհների ցուցահանդես է ընդամենը, իրերը սեփական ես-ին ծառայեցնելու մարմաջը, իրերի թաքուն բնույթը սեփական առանցքի շուրջ շրջանառելը:
Ես հիմա հասկանում եմ, որ այս ամենը գրում եմ ինձ արդարացնելու համար և իմ ես-ը կուրացնելու և նվաստացնելու այն քաջությունը երբեք չեմ ունենա, որով օժտված են ճապոնացիները, իսկ
Ես սովորական մահկանացու եմ:
Հազիվ է ծաղկում բաղեղն իմ այգում:
Իմ առավոտյան բրինձն եմ ուտում:
Կասեր Բասյոն, իսկ նրան կասկածելն անհնար է:
Комментариев нет:
Отправить комментарий