Տպագրվել է «Գարուն» ամսագրի 2006թ. թիվ 3-4-ում:
ԳՈւՅՆԵՐ
Կարմիր
Արյուն,
Զայրույթ չպատճառաբանված,
Ծաղիկների ըմբոստություն` ամոթի անպատկառությամբ…
Դող է…
Հոգևարք…
Սպանդ է` չվերջացող…
Ցասում է` գոյն անարգող…
Բիբերս լայնացել են` կլանել են ուզում,
Կոկորդս չորացել է արյան հոտից,
Պատանք է դագաղում` բռնակալների դրոշով.
Ես այն ամբողջովին իմ մեջ եմ առել,
Որ աչքերիս չբռնանա.
Տաճարիս պղծումն է ու մատաղիս մեղքհատուցումը…
Խելագարության առաջին շունչն է,
Ցլամարտիկների փորձված խենթությունը,
Անփորձ աղջկա սարսուռը,
Էության կենսատուն է` խանդի վրիժառությամբ,
Երակներում շահարկվող ժամանակ է,
Ու ընթացք է անկանգ,
Նյարդաթելերի պրկումն է ու անկումների թռիչքը…
Ինձ ետ բերեք, շունչս հատվում է.
Հանգստությունը շնացել է,
Թողեք, որ քնի…
Ինձ սևեր են պետք…
Սև
Թաքնվիր արատից
Ու փրկիր քեզ,
Ինչպես վանականներն են վեղարով կոծկվում…
Անարև ու անլույս`
Անմուտուել ընթացք է…
Փակ աչքեր.
Ու կոպերից անդին`
Գաղտնաբանված երազ ու տեսիլքներ ծածուկ,
Սահմանազանց մտքեր,
Ուղին շեղած տենչանք,
Ցանկություններ վհատ,
Տռփական կարոտներ…
Ես այս ի~նչ չնչին ստվերից եմ պոկվել
Ու մթագնել այսպես`
Լուծվել ցնորքներին.
Խավարին գումարած
Խավար եմ ծանրացել.
Լուսաբաց նոր գույներ բեր ինձ…
Դեղին
Արևն է ծնվում կրկին` մահն արդարացնելով,
Կյանքի ու մահվան սահմանն է դալկանում դեմքիս,
Աշնան մահաշունչ ոսկու ծիծաղն է արեգի բազմաշուրթ դեմքին,
Էգի ատելությունն է` արուին հղված,
Լույսի նվաղման մեկնարկն է` դարերից եկող,
Անապատների ոգին է` արեգակին երկրպագող,
Ծարավի կիսատ խոսքն է,
Հյուրի անպատեհությունը,
Մտասևեռման նշանակետն է,
Երաշտն է հողի ու հոգու`
Արցունքի ու խղճի բացակայությամբ,
Ոսկեմոլի տենդն է` դեղին աչքերի խամրությամբ…
Կյանքի ու մահվան հարափոփոխ տևականությունն է,
Ուղեծիր է անվերջ վերջացող…
Ինձ կյանք է պետք…
Կանաչ
Աստծո մատների գույն,
Երկրագնդի` փթթում ու փտում,
Ուիթմենի շունչն է ու ինքնահաստատումը`
Աստծո կանաչ աչքերի արտացոլքում…
Կյանքի դալար թարմությունն է
Ու ճահիճների նեխումը.
Պարադոքսային մարտահրավեր է,
Փիլիսոփաների բնակարանը,
Արեգակի կամակորությունն է տերևների մեջ,
Նյութերի ճիշտ համադրումը
Կարճատև ընթացքով,
Երկարատև կյանք է,
Եթե կարծրացել է
Ու անցել ընդհատակ…
Բայց ինձ երկինք է պետք…
Կապույտ
Երկնքի անհունության
Եվ ծովերի անսահմանության երազ,
Պոետների հայացքի հանգրվան…
Միշտ որոնելի,
Թափառող մտքերի որսատեղի է,
Զգացմունքների գաղտնարան,
Կյանքից ու մահից անդին էություն է,
Ու գոյություն անշոշափելի,
Աչքերի կարոտն է,
Բարձրություն` ուր լեռներն են միտվում վեհության,
Վեհության գեղեցկությունն է,
Գեղեցկության հրապույրը,
Հրապույրի խորհուրդը,
Սարսուռ է` չճաշակած իմաստության,
Իմաստության կյանքն է,
Կյանքի երազը,
Երազի անհոգությունը…
Նվիրյալ սեր է ու մաքրություն…
Սպիտակ
Բոլոր գույների հանգրվանն է
Եվ պարագրկում է բոլորին…
Վեհ ու վհատ…
Խորհրդավոր անխորհրդություն…
Տրոհվող, բայց անբաժանելի,
Հանգստություն` չհանդուրժող,
Հանդարտություն` չվայելվող,
Ելք է անցանկալի…
Ինձ գրիչ տվեք.
Թուղթ է առանց բերան…
Комментариев нет:
Отправить комментарий