вторник, 27 сентября 2011 г.

Բառերն այրվում, բայց չեն մոխրանում

ԵՍ ԱՅԴ ԱՅԼԱՆԴԱԿՆ ԵՄ

Այլևս գրին չեմ հավատում, առավել ևս սեփական: Բնության մեջ սեփական տեսակի համար չպայքարելն արդեն իսկ այլանդակություն է: Ես այդ այլանդակն ու այլասերվածն եմ:
Ամեն անգամ իմ փափագը վերջին տողն է, որը չի կայանում: Եվ իմ արտածումը թղթին դառնում է ինքնասպանությունն անընդհատ հետաձգող մղձավանջ, ուր լինելն ու չլինելը միագիծ են ու միատոն:
Վերջին տողին հասնելու ներքին մղումը ազատության ձգտում է: Ես ուզում եմ ազատվել ինքս ինձանից, որտեղ գրի չկայացած բանաձևեր ու լեզվական կաղապարներ են միայն: Սպանել Գիրը, որպեսզի ապրի Աստծու Բանը:
Գրելը Աստծու քարտուղարություն չէ. գրելը սպառնալիք է Աստծուն` Աստծու և քո նույնությունը` վաղուց դատապարտված:
Ես կեղծ տեսակ եմ և` կրկնակի այլանդակ ու այլասերված:
Նարեկացու ինքնակեղեքումը սեփական ճակատագրի սոսկալի գիտակցումն է, վերջին տողին չհասնող հևասպառ, բայց անընդհատ թարմացվող շնչառությունը, առ Աստված չհասնող անԲանությունը:
Բոլոր գրերի պատմագործառությունը միտում է վերջին տողին, ասել է թե` աշխարհն ինքնասպան է լինում, իսկ քաղաքակրթության զարգացումը ընդամենը քող է` ժամանակն ընթացք գիտակցելու համար:
Վերջին հաշվով` գիրն ընդամենը հաղորդակցման միջոց է. հասկանալի, տրամաբանելի լինելուն միտված: Գիր ստեղծողը վերջինիս համար վստահություն է փորձում կորզել: Փորձում է ապացուցել իր գիր դառնալու ճշմարտությունը` սեթևեթելու ու շաղակրատելու իրավունք վաստակելու համար. բռնադատել մարդանց ականջներն ու աչքերը` տիեզերքի աղմուկը ավելի խլացնելու համար:
Իմաստը երբեք էլ ասելիքի խորությունը, առավել ևս` հրատապությունը չէ: Եվ ընդհանրապես` արդյո՞ք ասելիքը իմաստ է:
Գիրն ընդամենը կարող է հաղթահարել որոշակի ժամանակ ու սահմանափակ տարածություն, պահպանել իր սեփական տեսակի հիշողությունը: Ուստի ազգային գրականության պատմությունը փաստելուց զատ գիրը ոչինչ չի իմաստավորում:
Վերջին սփոփանքը` ազգային գրականություն. բազմաժխոր ունայնության, տեխնիկական բազմաչարչար հնարքների լաբիրինթոսում, շլացնող հոգեցունց պատկերների քաոսում միակ կրելին հիշողության բեռն է: Միայն այս կերպ է գիրը խորախորհուրդ դառնում: Խորախորհուրդ, բայց ոչ իմաստալից, իմաստը հենց իր կայացումն է եղած ու լինելիք ձևուբանի համադրությամբ:
Սեփական գիրը փաստել ու մեծացնել աշխարհագործառությունը: Ահա գրի պատերազմը: Եվ եթե այս պատերազմը վերջնականապես պետք է տանուլ տրվի, ապա վերջին սփոփանքն էլ ի չիք կդառնա:

* * *
Անտառելի տողն իր ռիթմով ելևէջում է իմ ներսում.
Խոսքեր չեմ գտնում,
Որովհետև նայում եմ Աստծու աչքերի մեջ...
Ու թվում է, թե Նրա տաք աչքերի բուրվառում
Առաջին բառն է ծնվում,
Որի մեջ ահագնանում է սարսուռը՝
Չարարված հնչյունների թախիծով ակնամոմված...
Ու հիմա առաջին մարդու նման
Ուզում եմ սիրուց պոկվել ու ճչալ,
Բայց կոկորդս անարձագանք է մնում...
Եվ ցավը երեսս շրջում է,
Իսկ ես հեռանում եմ՝
Թիկունքիցս լսելով Աստծու անբառ աղոթքները,
Որոնք որոնել ու չեմ գտել...


***
Ծովի ու ցամաքի եզրին
Աստծո մատն է աղակալում...

Քո երկունքի ու իմ միջև
Ծովի ու ցամաքի երազն է պտղավորվում՝
Արարման օրերի ներդաշնությունը երկնելու համար...

Կոնքերիդ տարփահեզ ամբարում
Պահպանիր իմ հղած արարման շաբաթը
Եվ քարացած արցունքներիդ միջից
Հանիր բյուրեղյա բառերը,
Ուզում եմ համտեսել
Աստծո և իմ միջև եղած
Բառերի ոգին...

***
Կոկիկ հագնված ու պինդ կոճկված
Բառերի մարմիններն եմ
Գծագրում իմ անշոշափ հիշողության մեջ...

Եվ մատներիս կրակը
Ուզում է իր բոցի մեջ առնել
Նրանց ստինքների կաթնաղբյուրը...

Շուրթե՛ր, մի աղոթեք
Իմ համբույրի հիշողությունը
Նրանց հղկված մահարձանի
Ստվերներում...
Իմ սիրո համար
Լիզեք բառերի մերկ պտուկները
Եվ դավաճանեք բոլոր սերերիս,
Որոնք մի օր հաստատ
Վերջին անգամ են ծննդաբերելու...

***
Երբ ԲԱՌ-ը ձայն դարձավ,
Ես ու դու խլացանք
Եվ չլսեցինք այլևս տիեզերքի աղմուկը...
Սերը փրկելու համար
Ես բանաստեղծություն գրեցի`
Փորձելով ԲԱՌը վերծանել,
Եվ երբ բառս գիր դարձավ՝
Մենք կուրացանք...

***
Ինձ հարկավոր չեն քո խոսքերը,
Որոնց բառերը ես չեմ կարող վերծանել,
Ինչպես չեմ կարող հասկանալ ձկան համրությունը...

Որքան ինձ ժամանակը առաջ է մղում,
Ես այնքան փոշոտվում եմ անցյալով,
Որտեղ անընտել են բառերը...

Իմ խոսքը վախճանին է հասնում,
Իսկ բառը քո կրծքի վրա
Բացվում է դեղձի ծաղկի պես
Եվ ընտանի բառերը խեղդում են հիշողությունը։

***
Բոլոր բառերը մոխրացնել է պետք,
Որպեսզի մերձենամ քեզ...

Որոնցում ծովն է փրփրում
Ու ցամաք նետում
Քո պիրկ մարմինը...

Բառերն այրվում են
Ու չեն մոխրանում...

Բառե՛ր, ո՞վ կտրեց ձեր պորտալարը
Եվ նետեց ինձ...

Ձեռքերս ծովին պարզած՝
Նորից հեռանում եմ քեզանից...

***
Ծովից աստղ է բարձրանում՝
Մեգանուշ Աստղիկի երազը տանելով տիեզերք՝
Մեր անտերուդուս բառերի մշուշից անդին...

Ծովի վրայով մակույկս է դանդաղ հեռանում՝
Մոխրացած սերերս փռելով
Ջրերի վրա...

Համր ձկները կուլ են տալիս
Իմ փշրված հոգին
Եվ անձայն աղոթում
Բառերի կորստի համար...

***
Աչքերիդ արտասուքը
Հրդեհված ծովեր է մարում...

Աչքերդ
Կաթիլ-կաթիլ լուսավորվում են
Ու ապաստան տալիս
Սիրո հրեշտակներին...

Թ՛ող քեզ զգամ
Իմ պարանոցի
Զարկերակի նման մերձ
Ու հեգ առ հեգ վանկեմ
Կորսված բառերի ոգին
Ու շնչառությանդ հնչյուները...

Комментариев нет:

Отправить комментарий