суббота, 5 февраля 2011 г.

Հարցազրույց բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ «Հրապարակ» օրաթերթում

Հայ մշակույթի կղզիացվածության պատճառների որոնումներում
ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան

Հարցազրույց բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ

- Աշոտ, քսաներորդ դարի կեսերից ճապոնական մշակույթը լուրջ ազդեցություն ունեցավ եւ ունի համաշխարհային մշակույթի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված ճապոնիզմի, կարելի է ասել՝ փակ-կոնտեքստային ֆորմայի մեջ ապրող այդ մշակույթի հոսքը, եւ ո՞րն է նրա գրավչության գաղտնիքը:

- Շնորհակալություն, Արամ: Փորձեմ խոսել հակառակ վեկտորից: Շատ հաճախ գաղտնիքի գրավչությունն ավելի մեծ լսարաններ է ապահովում, քան ինքը՝ գաղտնիքը: Այն, ինչ ճապոնիզմ ենք կոչում, այսօր էլ շարունակում է մնալ փակ-կոնտեքստային տարածք ավելի արեւմուտքում գտնվողներիս համար:

Ճապոնականը, չասեմ ճապոնական մշակույթը, լուրջ ազդեցություն ունեցավ համաշխարհային մշակույթի վրա ոչ միայն հիբրիդանալով, այլ նաեւ գլխավորապես տուրք տալով արեւմտյան արժեքներին: Այս համատեքստում հաճախ ճապոնական բուն մշակույթը եւ նրա գեղագիտությունը մղվեցին երկրորդ պլան` պահպանելով իրենց գաղտնիքի գրավչությունը: Ավելի շատ ստեղծվում են այնպիսի արժեքներ (խոսքս մասնավորապես վերաբերում է գրականությանը), որ եթե չիմանաս հեղինակի՝ ճապոնացի լինելու հանգամանքը, ապա կդժվարանաս այնտեղ ճապոնիզմ որոնել, մյուս կողմից էլ` ճապոնացի էմիգրանտ օտարագիր գրողների մոտ ավելի շատ ենք գտնում ճապոնիզմը:

Կա մի հանգամանք եւս. հաճախ մենք ճապոնացուն համարում ենք արեւմտյան այս կամ այն մշակութային դպրոցի հետեւորդ: Երբ ուսումնասիրում ենք հարցը, տեսնում ենք, որ հակասություններ չկան, ու համապատասխանությունները զգալիորեն գերակշռում են: Խոսեմ օրինակով. Կոբո Աբեին բոլորս համարում ենք էկզիստենցիալիզմի հետեւորդ: Դժվար թե գտնվի մեկը, որ չհամաձայնվի: Բայց ցավալին այն է, որ այս ամենը հաստատվում է մարդու էության ու գոյության ճապոնական ընկալումներից դուրս:

Նույն էկզիստենցիալիզմին ճապոնական մշակույթն ավելին ունի տալու եւ գաղտնիքի գրավչությամբ տալիս է: Նորից խոսեմ գաղտնիքի գրավչության մասին, ինչը 20-րդ դարի երկրորդ կեսին այսպես առինքնող դարձավ: Միջնադարյան Ճապոնիան չենթարկվեց ոչ մի արշավանքի, Ճապոնիայում արգելված էր քրիստոնեության մուտքը, ավելին՝ եվրոպական նավերը չէին կարող հանգրվանել ճապոնական ափերին: Մի խոսքով, այսօրվա բառերով ասած` մշակութային երկխոսությունն անհնար էր, իսկ Ճապոնիան մնաց այն հազվագյուտ երկիրը, որտեղ մշակույթը զարգացավ առանց կողմնակի ազդեցությունների եւ բնականոն:

Ճիշտ է` ճապոնական մշակույթը նախապես ահռելի ազդեցություն էր կրել չինականից, սակայն այդ հենքի վրա միջնադարում, չինականից զատ, այնպիսի մշակույթ ստեղծեց, որ այն երբեմն կոչում ենք ճապոնիզմ` միայն ճապոնացուն ու ճապոնականին հարիր, բացի այդ` չինական ազդեցությունները որքան էլ մեծ էին, չկարողացան խարխլել սինտոիզմի հիմքերը, որը ճապոնիզմի թերեւս ամենամեծ գրավականն է: 19-րդ դարում գիտության զարգացման հետ միաժամանակ կայսրություններն ընդլայնում էին իրենց նվաճողական տիրույթները եւ փորձում մեծացնել ազդեցությունների ոլորտը: 19-րդ դարավերջի չին-ճապոնական եւ 20-րդ դարասկզբի ռուս-ճապոնական պատերազմները եւս ծնկի չբերեցին ճապոնացիներին:

Չխորանալով Ճապոնիայի պատմության մանրամասների մեջ` նկատենք, որ երկու համաշխարհային պատերազմներին Ճապոնիայի ներգրավվածությունը եւ գիտության զարգացումը ճապոնացիներին ստիպեց ենթարկվել որոշակի ազդեցությունների: Այստեղ, սակայն, իր գործն արեց ճապոնական հավաքական ոգին, որը բացառիկ երեւույթ է: Նրանք դարձան ոչ միայն ազդեցություններ կրող, այլեւ այդ հավաքական ոգու շնորհիվ սկսեցին հակազդել, մանավանդ որ ունեին բացառիկ մի մշակույթ, որը դուրս էր այդքան տարփողած արեւմտյան մշակույթի եւ անգամ արեւելյան ընդհանուր մշակույթի ծիրից:

Ճապոնական հավաքական ոգու փայլուն օրինակ է այն, որ Հիրոսիմայի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի վրա գրեցին ու ազգովի երդվեցին. «Այս բանն այլեւս չի կրկնվի»: Մենք ազգովի այդպիսի երդում դեռ չենք տվել Ծիծեռնակաբերդում:

- Ես գիտեմ, որ դու սովորում ես ճապոներեն, արդեն մի քանի թարգմանությունների հեղինակ ես. ինչպե՞ս առաջացավ այդ սերն ու հետաքրքրությունը: Ժամանակին Ճապոնիայով տարված են եղել բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, ովքեր պարզապես ապրել են ճապոնական էսթետիկայի ոգով:

- Սովորում եմ ու սովորում, բայց որոշակի բավարար մակարդակի չի հասնում իմացությունս: Թարգմանությունները կատարել եմ ոչ ճապոներենից, բայց նույնիսկ այս դեպքում ճապոներենի նախնական գիտելիքները եւ լեզվամտածողության ու քերականական համակարգի որոշակի իմացությունն օգնում են:

Փորձեցի ճապոներենի մասնավոր դասընթացներ անցնել, բայց այնպիսի գումար պահանջեցին մեկ ամսվա համար, որը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ նվազագույն աշխատավարձը: Աշխատում եմ մենակ հաղթահարել, մանավանդ որ իմ խնդիրը տեքստն է միայն: Ճապոնական մշակույթով տարվել սկսեցի հայ մշակույթի կղզիացվածության պատճառների որոնումներում: Ցանկանում էի բանաստեղծական շարք գրել, նախնական վերնագիրը «Չեզոք գոտի» էր: Դեռ Մովսես Խորենացին ասում է, որ թեպետ մենք փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ կան հիշատակության արժանի դեպքեր: Դեռ այն ժամանակից մեր մեծերին մտահոգել է «կղզիացածությունը», եւ փորձել են, դուրս գալով դրանից, աշխարհին ներկայանալի լինել:

Ագռավաքարում Մհերի մեկուսանալն ասես ուղիղ համեմատական է մեր մշակույթի մեկուսացվածությանը աշխարհից: Այս համատեքստում ինձ համար բացառիկ հանդիսացավ Ճապոնիայի օրինակը: Որտեղ թեպետ կար բացառիկ յուրահատուկ մշակույթ, որը դարերի ընթացքում ավելի մեկուսացած է եղել, քան մերը, սակայն նրանք հաղթահարել են «Ագռավաքարի» սինդրոմը եւ այսօր հաճախ նույնիսկ մշակույթ են պարտադրում: Այս համեմատության մեջ ինձ ավելի ու ավելի շատ սկսեց կլանել ճապոնական դասական արվեստի յուրահատուկ գեղագիտությունը, որի կարճատեւ ըմբռնումներն ինձ համար գյուտ են հանդիսանում:

- Բորխեսն ասում էր, որ ճապոնացիները մետաֆորներ չունեն, որովհետեւ նրանք հավատում են մեզ համար անհավատալի թվացող առեղծվածին… Ի՞նչ ես կարծում, գուցե նրանց` գեղեցկության ընկալումը պաթոլոգիապես լրիվ տարբե՞ր է մեր ընկալումից, նրանք նայում են, ասենք, ծաղիկին, մենք՝ նույնպես, բայց այդ ծաղիկը մեր հոգում չի դրոշմում այն շշմեցուցիչ ու տաք հետքը, ինչ ճապոնացու հոգում:

- Չգիտեմ, թե Բորխեսն ինչ համատեքստում է այս արտահայտությունն օգտագործել եւ ինչ է նկատի ունեցել: Միգուցե ցանկացել է ասել, որ ճապոնացիներն անչափ շատ են հավատում մետաֆորի իսկությանը: Այստեղ պետք է համաձայնել: Այն, ինչ մենք մետաֆոր ենք անվանում նրանց արվեստում, ճապոնացու համար կեցության ձեւերից մեկն է: Իսկ ճապոնական արվեստն առավել քան մետաֆորիկ է:

Հաճախ այդ մետաֆորները չըմբռնելը բերում է նրան, որ մենք պարզունակություն ենք տեսնում նրանց արվեստում: Դիտարկենք թանկան, որը ճապոնական արվեստի բնորոշիչներից է: Ճապոնական դասական թանկաներում պարտադիր պետք է արտացոլվի տարվա մի եղանակ, ինչը համապատասխանում է մարդու կյանքի որեւէ շրջանին: Սրանից զատ` պետք է զուգահեռվի հավերժության ինչ-որ խորհրդանիշ կամ հավերժության զգացողություն: Այս ամենը պետք է կատարվի՝ արտացոլելով բնության ներդաշնակությունը:

Ընդամենը հինգ տող, եւ այս ամենը: Մետաֆորների ինչպիսի՜ զուգորդում եւ խտացում: Դիտենք Հոկուսայի նկարները: Առաջին հայացքից պարզունակ այդ նկարները մի ամբողջ հոգեկերտվածք են ներկայացնում, որը միայն ճապոնացունն է: Ինչպես թանկաներում, այստեղ էլ Հոկուսայը մետաֆորներով պարտադիր ընդգծում է հավերժականի ու անցողիկի հակադրամիասնությունը: Նկարի ֆոնին Ֆուձիյաման է, որի տակ փրփրում են ծովի ալիքները, որոնք մի քանի վայրկյանից չեն լինի, սակայն Ֆուձիյաման անսասան է: Նույն Ֆուձիյամայի ներքո Հոկուսայի նկարներում անցնում են տարվա բոլոր եղանակները ու երբեմն-երբեմն մարդիկ ու կենդանիներ:

Ճապոնացու համար ամենից գեղեցիկը անցողիկն է: Անցողիկության ամենավառ խորհրդանիշները բալենու ու սալորենու ծաղիկներն են: Այստեղ պետք է զանազանել: Մեզ համար այս ծաղիկները անցողիկ գեղեցկություն են, իսկ ճապոնացու համար դրանք գեղեցիկ են իրենց անցողիկությամբ: Սա է մեր ու ճապոնացիների՝ գեղեցկության ընկալման ընդհանուր տարբերությունը:

- Համաշխարհային գրականությունը նորովի առաջ է շարժվում միմիայն փոխազդեցությունների արդյունքում: Մեր գրականությունը երբեւէ կրե՞լ է ճապոնական գրականության ճակատային ազդեցությունը…

- Կարծում եմ, որ ճապոնական գրականության նկատմամբ որքան էլ մեծ է եղել հետաքրքրությունը, սակայն այն չի վերածվել արդյունավետ ազդեցության: Արդի հայ պոեզիայում երբեմն-երբեմն նկատվում են «նմանակումներ», մարդիկ կան, որ անգամ փորձում են թանկաներ գրել, սակայն ամեն 5 տողանոց բանաստեղծություն թանկա չէ, թեկուզեւ այդտեղ արտահայտվեն բնության երեւույթներ:

Մոռացվում է անգամ, որ թանկան ունի տաղաչափական ուրույն կառուցվածք: Երբեմն թվում է, թե ճապոնական պոեզիան միայն կարճ բանաստեղծություններն են, ինչը սաստիկ սխալ պատկերացում է: Ճապոնական գրականության արտաքին ձեւերից զատ, կարեւոր է ըմբռնել ճապոնական գեղագիտությունը, իսկ այն ժողովածուները, որոնք տպվում են, ունենան պատշաճ ծանոթագրություններ եւ մուտքի խոսք:

Հայերեն թարգմանված ոչ մի ճապոնական բանաստեղծական ժողովածու չունի սրանք, ինչն էլ թյուր կարծիք է ստեղծում ճապոնական պոեզիայի, հետեւաբար եւ՝ գեղագիտության նկատմամբ: Միայն 1982-ին տպագրված «Հին Արեւելքի պոեզիա» ժողովածուի ճապոնական բաժինն ունի ծանուցումներ, որը պատրաստել է Հենրիկ Էդոյանը: Այլ ժողովածուներում այդպիսի բան չես տեսնի: Սրա հետեւությունն այն է, որ թարգմանիչն էլ չի պատկերացրել, թե ինչ տեքստի հետ է առնչվում: Ցանկացած գրականության լավ ներկայացումը հայերեն արդեն իսկ մեկ քայլ առաջ է քո գրականության տիրույթում:

Ուրախալի է, օրինակ, որ Կավաբատայի հիմնական ստեղծագործությունները հայերենով կան: Սակայն ճապոնական գրականությունը համակարգված ու արդյունավետ կերպով չի ներկայանում հայ ընթերցողին: Շատ հաճախ էլ թարգմանվում են անկարեւոր` երկրորդական, երրորդական ստեղծագործություններ, մինչդեռ առաջնահերթ ներկայանալիները չեն ներկայացվում: Այս գործում ցանկանում եմ իմ համեստ ներդրումն ունենալ:

Բացի այն, որ ճապոնական թեմաներով հոդվածներ եմ գրում եւ կատարում թարգմանություններ, արդեն աշխատանքներ եմ տանում գրական էլեկտրոնային հանրագիտարան ստեղծելու համար, որտեղ մեծ տեղ է հատկացվելու նաեւ ճապոնական գրականությանը: Այս ձեւով հայ ընթերցողին եմ ուզում հասցնել ճապոնական գրականության հասկացություններն ու երեւույթները, որպեսզի թյուրըմբռնումների քանակը նվազի:

Комментариев нет:

Отправить комментарий