пятница, 4 февраля 2011 г.

Աշոտ Գաբրիելյան/ Յասունարի Կավաբատա. Զուտ ճապոնական ինքնասպանություն

Ինձ ապշեցնում է, որ մահը եվրոպացիների մոտ այդպիսի սարսափ է հարուցում: Նրանց միակ ցանկությունը ապրելն է: Նրանք վախենում են ոչ միայն խոսել, այլև անգամ մտածել մահվան մասին: Այս ամենով հանդերձ եվրոպական մշակույթը միակողմանի է, այն թեքված է կյանքի կողմը:

Տոմոմացու Էնտեյ1

Ինքնասպանության վիճակագիրներն ամեն անգամ ստիպված են լինում հատուկ ուշադրություն դարձնել Ծագող արևի երկրին, քանի որ այստեղ դեռ հեռավոր ժամանակներից մեծ է կյանքից ինքնակամ հրաժարվողների թիվը: Նշենք միայն, որ աշխարհում կատարվող ինքնասպանությունների ութ տոկոսը բաժին է ընկնում Ճապոնիային: Այս տոկոսային հարաբերությունն ավելի կմեծանա, եթե վիճակագրությունը կառուցենք միայն ինքնասպան արվեստագետների թվով: Ափսոս, որ վիճակագիրներն այստեսակ ամբողջական վիճակագրություն չեն ներկայացնում, բայց այն պատկերացնելու համար բավական է նշել, որ միայն 20-րդ դարում ինքնասպանությամբ կյանքին վերջ են տվել ճապոնական գրականության երեսունից ավելի երևելի անուններ:

Ալբեր Կամյուն իր էսսեներից մեկում հայտարարում է, որ գոյություն ունի փիլիսոփայական ընդամենը մեկ խնդիր, և դա ինքնասպանության խնդիրն է: Արվեստագետը և գրողը, որոնք աշխարհը գեղագիտորեն բացահայտելուն են մղված, կամա թե ակամա բախվում են փիլիսոփայական այս խնդրին: Շեքսպիրյան հայտնի դարձվածքը` «Լինե՞լ, թե՞ չլինել», եվրոպացի արվեստագետների համար վաղուց ի վեր դարձել են մեկնակետ ու հանգրվանային հարցադրում: Սակայն ճապոնացու համար ինքնասպանությունն առաջին հերթին ի վերուստ տրված արտոնություն է: Եթե եվրոպացիները ճապոնացիների դեպի ինքնասպանություն մղվող կանխակալությունը զավեշտալի են համարում, ապա ճապոնացին գեղագիտական մի ամբողջ համակարգ է պայմանավորում դրանով:

Իհարկե, այս ամենն ունի պատմական, կրոնական, սոցիալ-հոգեբանական հիմքեր, որոնք սնել են ճապոնական փիլիսոփայությունն ու արվեստը:

Բերենք դրանցից մեկ-երկուսը, այնուհետև փորձենք ուրվագծել ճապոնացի մեծ գրող Յասունարի Կավաբատայի ինքնասպանության հակվածության գեղագիտական հիմքերը:

ԲՈՒՍԻԴՈՅԻ ՈԳԻՆ

Ճապոնացի գրող Կան Կիկուտին2 ազգակիցների մասին գրել է. «Կարելի է համարձակորեն ասել, որ արական սեռի 20-ից մինչև 40 տարեկան բոլոր անձինք զինվոր են»: Իսկ յուրաքանչյուր ճապոնացի զինվոր կրում է բուսիդոյի (բառացի` «մարտիկի ուղի») ոգին: Սա սամուրայների բարոյական օրենսգիրքն է, նրանց նախասկզբնական ոգին, որն անխախտելի ավանդույթ է դարձել բոլոր ճապոնացիների համար: Բուսիդոյի հիմնական գաղափարներն արտացոլված են միջնադարյան «Հագակուրե» գրքում: Այս գրքում ամենուր մահվան գաղափարն է: Մահն ավելին է, քան` կյանքը:

Ահա մի քանի քաղվածք «Հագակուրե»3 գրքից.

«Երբ կա ընտրության երկու ուղի, ընտրիր այն, որը տանում է դեպի մահ»:

«Ինչո՞ւ ես պիտի մեռնեմ, երբ դա ձեռնտու չէ: Ինչո՞ւ ես կյանքով պիտի հատուցեմ ոչնչի համար»: Սրանք անձնապաշտ մարդկանց սովորական դատողություններն են»:

«Խորհիր այն մարդու թշվառ ճակատագրի մասին, ով չի հասել իր նպատակին և շարունակում է ապրել»:

«Եթե քո մտադրությունները ձախողվել են և քո անշրջահայացության դիմաց մահով ես հատուցում, ուրեմն քո կյանքն աննպատակ է անցել. բայց հիշիր, որ քո մահը չի գցում արժանապատվությունդ: Մահը չի պատվազրկում»:

«Ամեն առավոտ մտածիր, թե ինչպես պետք է մեռնել: Ամեն երեկո գլուխդ թարմացրու մահվան մասին մտքերով: Եվ թող այդպես լինի միշտ»:

«Մի անգամ մի մարդ հարցրեց.

- Ի՞նչ բան է մահը:

Եվ պատասխանը ստացավ չափածո կարճ տողերով.

Կյանքում ամեն ինչ կեղծ է,

Լոկ մի ճշմարտություն կա, և դա մահն է»:

«Հիրավի, խիզախ է նա, ով մահը դիմավորում է ժպիտով: Այդպիսի համարձակները քիչ են, նրանք հազվագյուտ են:

Կան մարդիկ, որ կարողանում են վիճել ազնվորեն, բայց կան այնպիսիք, որոնք վճռական պահին կորցնում են բանականությունը: Քաջ չէ այն մարդը, ով վերջին պահին կորցրել է սիրտը»:4

Բուսիդոյի հետևորդի համար միշտ էլ բարձրագույն գովեստը եղել է «մարդ առանց սեփական «ես»-ի» գաղափարը: Ով ձգտում է ոչնչացնել իր «ես»-ը, համարվում է բարձրագույն կարգի էակ:

Առանց տարակուսելու պետք է ասել, որ հենց բուսիդոյի ոգին հիմք դրեց ինքնաոչնչացման մի ծեսի, որն անվանվում է հարակիրի: «Հարակիրի» բառն օտարերկրացիները օգտագործում են հեգնանքով, ճապոնացիները հակված են օգտագործել «սեպուկու» կամ «կապուկու»:

«Հարակիրին» բացարձակ քաջության խորհրդանիշ է: Բավական է նշել, որ ինքնասպանության այս ձևը, որն անասելի որովայնացավ է պատճառում, ընդունել է ծիսական բնույթ, այն դեպքում, երբ մենք ամեն կերպ փորձում ենք մեղմել մեռնողի տառապանքները:

Հարակիրին հաստատվել և ամրապնդվել է 8-12-րդ դարերում: Սկզբում կատարում էին միայն սամուրայները, ժամանակի ընթացքում այն բնորոշ դարձավ Ճապոնիայի բոլոր խավերին:

14-րդ դարում ինքնասպանությունն ավելին էր, քան մահը կռվում, այն դիտվում էր որպես բարձրագույն հերոսության դրսևորում: Կյանքի ու մահվան վերաբերմունքը հատկապես վառ է ներկայացված ճապոնական դասական դյուցազներգության` «Մեծ աշխարհի մասին» ասքում, որտեղ նկարագրված է ինքնասպանության 2640 դեպք:

15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը Ճապոնիայում հարակիրիի էին դիմում նաև տիրոջ մահվան դեպքում: Այս երևույթն այնպիսի տարածում էր ունեցել, որ երբեմն հարյուրավոր մարդիկ դիմում էին խմբակային ինքնասպանությունների: Տիրոջ հետևից խմբակային ինքնասպանությունների այս շքերթը 1663թ. արգելվեց օրենքով, սակայն օրենքը չի կարող ազդել այն մարդու վրա, ով չի ցանկանում ապրել: Մահը ճապոնացու համար արտոնություն է, և երևույթը շարունակում է պահպանվել, և այն դեռևս դժվար է արմատախիլ անել:

Եթե Եվրոպայում ինքնասպանությունը զուտ անձի հոգեբանությամբ է պայմանավորված և շատ հաճախ դրանց պատճառները մինչև վերջ անհայտ են մնում, ապա Ճապոնիայում այն հաճախ դրսևորվում է որպես խմբակային վարք: Խմբակային ինքնասպանությունների թվով ոչ ոք չի կարող գերազանցել Ճապոնիայի ցուցանիշները: Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի կապիտուլյացիայի հարուցած դեպրեսիայի հետևանքով, ըստ վիճակագիրների հաշվումների, խմբակային ինքնասպանության են դիմել մինչև 200.000 ճապոնացի: Իսկ 1950-ական թվականներին գրանցվել է ավելի քան 1200 խմբակային ինքնասպանության դեպք:

Այսօր Ճապոնիայում խմբակային միաժամանակյա ինքնասպանություններ են գործում նաև համացանցի առջև նստած, ընդհանուր պայմանավորվածությամբ: Համացանցային խմբակային ինքնասպանությունների սկիզբը դրվեց 1990-ականներին, երբ դրանք մեծ թափ առան Ճապոնիայում: Ցավալի է, որ այս երևույթին ներգրավվում են հիմնականում դպրոցականները, իսկ ինքնասպանների հիմնական տարիքը 15-ից 35 է:

21-րդ դարասկզբին Ճապոնիայում տարեկան կյանքից հեռանում է 30-35.000 ինքնասպան: Չնայած ինքնասպանությունները տարբեր մեկնաբանություններ են ստանում` պայմանավորված տարբեր սոցիալական խնդիրներով, սակայն պետք է նկատել, որ վերջին երեք դարերում ինքնասպանների տոկոսային հարաբերությունը գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: Ուրեմն պետք է ենթադրել, որ ինքնասպանությունների վրա արտաքին գործոններն այնքան էլ մեծ ազդեցություն չունեն, այստեղ մեծ գործառույթներ ունի ազգային-մշակութային ենթաշերտը, որն ամուր նստած է յուրաքանչյուր ճապոնացու հոգեբանության մեջ: Հոգեբանություն, որտեղ ներթափանցելն ահավոր դժվար է, եթե ոչ` անկարելի: Յուրաքանչյուր ճապոնացի իր դավանաբանական ուղղվածությամբ (լինեն բուդդիստական տարատեսակ դպրոցներ, քրիստոնեական, թե այլ բան) առաջին հերթին սինտոիստ5 է: Հատկանշական է, որ բացի ճապոնացուց ոչ ոք չի կարող սինտոիստական դավանանքի հետևորդ համարվել: Դա ճապոնացին կընկալի իբրև ամենավերջին զավեշտ: Ահա այս օրինակը ցույց է տալիս ճապոնացու հոգեբանության անթափանցելիությունը: Աշխարհի վրա գոյություն ունի կրոնական դավանանք, որը միայն միատարրություն է հանդուրժում, և ոչ մի օտար չի կարող դառնալ յուրային:

Այն, որ ճապոնացու մեջ ամուր նստած է բուսիդոյի ոգին և յուրաքանչյուր պահի կարող է արթնանալ, ևս մեկ անգամ ապացուցվեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այս անգամ` կամիկաձեների տեսքով: Պատահական չէ, որ այն ջոկատներում, որտեղ հնարավոր էր, կամիկաձեների անփոխարինելի պիտույքը սամուրայական սուրն էր: Կամիկաձեները գլուխները փաթաթում էին հատիմակիով` ճիշտ այնպիսի սպիտակ ժապավենով, որոնցով մարտից առաջ գլուխները փաթաթել են ռազմատենչ սամուրայները:

Կամիկաձե հասկացությունը ստեղծել են ճապոնացի պատմաբանները, ինչը բառացի նշանակում է «աստվածային քամի»` նկատի ունենալով այն թայֆունները, որոնք 1274-ին և 1281-ին խանգարեցին Չինգիզ խանի թոռ Խուբիլային հպատակեցնել Ճապոնիան: Իրենց անվան ստուգաբանությանը հնազանդ յուրաքանչյուր կամիկաձե համոզված էր, որ եթե մեռնի, ապա ինքը աստված է` առանց երկրային ցանկությունների:

ՎԱՂԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՐԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Վաղանցիկության պատկերումն ու թերասացությունը ճապոնական ազգային արվեստի հիմքերից են: Սրանց կարելի է գումարել նաև խաբուսիկությունը: Ճապոնացին կիսատի, անցողիկի ու թերիի մեջ է տեսնում կյանքի գեղեցկությունը:

Ճապոնական գեղանկարչության մեջ կա իրականությունն արտացոլելու մի եղանակ, որը կոչվում է վաբի: Դիտենք Հոկուսայի6 նկարները, և ամեն ինչ պարզ կդառնա: Վաբի ոճը նկարչին մղում է խնայել վրձնահարվածները: Այնտեղ, ուր սովորաբար ակնկալվում է շեշտված գիծ, բազմաթիվ գծեր, մի խումբ առարկաներ, լինում են թերի նրբագծեր ու մենավոր առարկաներ: Առաջին հայացքից թվացյալ անկատարությունը դառնում է կատարելություն: Ճապոնացիները գեղեցիկը գտնում են և՛ անկատարության, և՛ խաբուսիկության, և՛ անգամ պարզունակության մեջ: Կյանքի անկատարությունը ևս ճապոնացուն ստիպում է փնտրել գեղեցիկը, և մահը գեղեցկություն է ընկալվում:

Նույն անկատարություն-գեղեցկություն համադրությունն ենք տեսնում ճապոնական պոեզիայի կայուն ձևերում: Ճապոնացի բանաստեղծի գրիչը նույնքան ժլատ է, որքան երբ նկարիչը նկարում է վաբի ժանրով: Ճապոնական պոեզիան աշխարհին է ներկայանում մեծ մասամբ թանկա և հայկու ժանրերով` համապատասխանաբար հինգ և երեք տողանի բանաստեղծություններով: Այս կարճ չափի մեջ բանաստեղծը պետք է կարողանա ներկայացնել հավերժականն ու ակնթարթայինը (այս վայրկյանինը) կողք կողքի: Պահի, մարդու, տարվա եղանակների անցողիկությունը ցցուն երևում է թերասացությամբ ստեղծված այս պատկերներում, և մարդու անցողիկությունը շեշտվում է գրեթե բոլոր թանկաներում և հայկուներում: Ճապոնական բանաստեղծության այս հակիրճ ձևերն ասես միտումնաբար ցույց են տալիս կյանքի հպանցիկ բնույթը և դրանում գեղեցկությունն ըմբռնելու անհրաժեշտությունը: Ճապոնական պոետիկայում մեծ է «յոձյո»-ի (բառացի` «հետո զգալը») դերը, ինչն արևմտյանում իբր համահունչ է թերասացությանը, սակայն յոձյոն ավելին է, քան թերասացությունը: Այն լիարժեք ընկալելի է մահվան սահմանին:

Ճապոնական ազգային արվեստի վրա մեծ է ձեն-բուդդիզմի7 ազդեցությունը, որով տարված էր ճապոնացի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատան: Ի դեպ, Կավաբատան այն հազվագյուտ գրողներից էր, որոնց ստեղծագործություններն անվերապահորեն խարսխված լինելով ազգային մշակույթի վրա` կարողացել են արժանանալ Շվեդական ակադեմիայի անվերապահ ուշադրությանը: Զարմանալ կարելի է, որ կյանքի 73 տարուն հասած, բնույթով խաղաղ ու արտաքուստ անխռով գրողը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱԲԱՏԱՅԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Դանթեն և Սվենդեբորգը յուրատեսակ հանճարներ էին, բայց նրանք անգամ անդրշիրիմյան կյանքի իրենց նկարագրություններում թույլ ու չափից ավելի երկրային են թվում ննջեցյալների մասին պատմող բուդդայական գրքերի շքեղ պատրանքների համեմատությամբ:

Յասունարի Կավաբատա

Յասունարի Կավաբատան իր «Վերջին հայացք» ձույխիցուում8, ինչպես նաև «Ճապոնիայի գեղեցկությամբ ծնված» Նոբելյան բանախոսությունում մեջբերում է մեկ այլ ինքնասպան ճապոնացի գրողի` Ակուտագավա Ռյունոսկեի9 (1892-1927) խոսքերից. «Ինձ հետապնդում է ինքնասպանության միտքը: Միայն թե առաջ բնությունը երբեք այսքան չքնաղ չի թվացել ինձ: Ձեզ համար երևի ծիծաղելի կլինի, պարադոքսային կթվա` բնության գեղեցկությամբ հմայված մարդն ինքնասպանության մասին է մտածում: Բայց հիմա բնությունը նրա համար է այդքան չքնաղ, որովհետև անդրադառնում է իմ վերջին հայացքում»10:

Կավաբատան մեկն է բազմաթիվ ճապոնացի մտածողներից, որոնք իրենց կյանքին վերջ են դնում ինքնասպանությամբ: Սակայն, ի տարբերություն ինքնասպան այլ գրողների, Կավաբատայի ամբողջ ստեղծագործությունն այդ ինքնասպանության նախապատրաստման փուլն է:

Եթե Արևմուտքում դատապարտում են անձնասպանությունն ու անձնասպանին կամ փորձում ինչ-որ «մեղմացուցիչ հանգամանքներ» գտնել, եթե կատարողի վաստակը մեծ է` արարքը բացատրելով կյանքի այս կամ այն դիպվածի հոգեբանական վերլուծությամբ, ապա Կավաբատայի պարագան պետք է ընկալել սոսկ գեղագիտական դիտանկյունից: Գեղագիտություն, որը պայմանավորում է ճապոնական ազգային մշակույթը:

Ճապոնական ազգային մշակույթի և ինքնասպանության հակման համադրության տեսանկյունից գուցե ավելի ցցուն օրինակ է ճապոնացի նշանավոր արձակագիր, «Ոսկե տաճար» և «Հայրենասերը» ստեղծագործությունների հեղինակ Յուկիո Միսիմայի11 (1925-1970) ինքնասպանության պարագան, մանավանդ որ նրա ինքնասպանությունը, որքան էլ ցնցող էր, սակայն սպասված էր, քանի որ նկատելի էր առ մահը Միսիմայի շարունակական անրջանքը:

Յուկիո Միսիման բացահայտ մարտնչում էր ճապոնական ազգային ավանդույթների համար և մահացավ որպես մարտնչող սամուրայ` հարակիրիով վերջ դնելով կյանքին, այնպես, ինչպես նկարագրված էր «Հայրենասերը» ստեղծագործության մեջ: Ինքնասպանության այս կերպը ճապոնացու ընկալմամբ հերոսության ու խիզախության բացառիկ արտահայտություն է: Հերոսությունը` հերոսություն: Իրոք, ինքնասպանության մեջ մեծ է խիզախման ոգին, որտեղ ակնթարթը կարող է ճակատագիր վճռել: Սակայն այլ բան է, երբ ամբողջ կյանքում նպատակադրված պատրաստվում ես ինքնասպանության և դրա համար գեղագիտական հստակ հայեցակարգ ունես: Ահա սա է, որ Կավաբատային առանձնացնում է ճապոնացի բազմաթիվ այլ ինքնասպան արվեստագետներից:

Ազգային մշակույթի վրա խարսխված և ավանդույթների շարունակակության ջատագովներ Միսիմայի և Կավաբատայի ինքասպանություններում դրդիչների նմանություն փնտրելն անհեռանկարայնություն է: Որքան էլ մեծ էր երկու հեղինակների ազգային արժեքների հանդեպ հակվածությունը, սակայն տարբեր են նրանց գեղագիտական համակարգի բուն հիմքերը: Ի տարբերություն Միսիմայի` Կավաբատայի ստեղծագործություններում չկան պատերազմի հերոսներ, ինչը շատ բնորոշ է ճապոնական գրականությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին: Կավաբատան կյանքը չէր դիտում հերոսականության դիտանկյունից, այլ փնտրում էր առօրյայի քնարականությունը: Կավաբատայի ստեղծագործություններում բացառիկ իրադարձություններ չկան, ընդհակառակը, ամենասովորական դիպվածն ու առարկան դառնում են գեղարվեստական հղացման օբյեկտ: Կավաբատան իր ստեղծագործություններում զուտ ճապոնական ավանդական արվեստի գեղագիտությունն է բերում, իսկ Միսիման բացահայտ ճակատայնությամբ կոչ է անում պայքարել դրանց համար: Կարճ ասած` Կավաբատան բերում է երևույթը, իսկ Միսիման մարտնչում է հանուն այդ երևույթի:

Միսիմայի կարծիքով` պատերազմից Ճապոնիայի հրաժարումն ազդարարող հետպատերազմյան սահմանադրությունը ճապոնացիներին զրկել է «առնականությունից», և նա կոչ էր անում զարգացնել ճապոնական մշակույթի ռազմաշունչ ավանդույթները:

Ի դեպ, Միսիման ինքնասպան եղավ Կավաբատայի ինքնասպանությունից ընդամենը երեք տարի առաջ, երբ բավական երիտասարդ էր նրանից: Միսիմայի ինքնասպանությունը ցնցել էր Կավաբատային, ինչպես ցնցել էր Ակուտագավայինը: Այդ ողբերգական դիպվածից փոքր-ինչ առաջ` հարցազրույցում Կավաբատան ասել էր. «Դուք ուզո՞ւմ եք իմանալ իմ կարծիքը Միսիմայի մասին: Նա իմ աշակերտը չի եղել, թեպետ դա հաճախ հաստատում են»: Նմանատիպ հարցադրումներով հաճախ էին դիմում Նոբելյան մրցանակակրին, քանի որ վերջինը մեծ ուշադրությամբ հետևում էր երիտասարդ տաղանդի աճին ու զարգացմանը: Բայց ասել, որ Կավաբատան Միսիմայի դաստիարակն է` չափազանց է: Ընդհակառակը, գուցե Միսիմայի մահն ազդակ եղավ Կավաբատայի ինքնասպանության:

Նույն Միսիման նրանց, ովքեր փորձել են նմանեցնել իր և Կավաբատայի գեղագիտական հայացքները, պատասխանել է, որ ճապոնացի գրողների մեծ մասը, այդ թվում նաև Յասունարի Կավաբատան, ճապոնական գրականության «կանացի» ավանդույթի շարունակողն են, սակայն ինքը բարձրաձայնում է. «Իսկ ես ջանում եմ վերադառնալ սամուրայի ամուր բնավորությանը, որպիսին կա միջնադարի ռազմաշունչ պատմություններում»: Կարճ ասած` երկու գրողների ազգային մշակույթին կառչած լինելը չի կարող անպայմանորեն գեղագիտական ընդհանուր սկզբունքի պատճառ դառնալ:

Կավաբատան հաճախ է փորձում պարզաբանել իր ստեղծագործություններում արտահայտված «ունայնությունը»: «Իմ պատմվածքներում էլ են գտնում «անգոյ»: Բայց դա ամենևին էլ նույն բանը չէ, ինչը որ նիհիլիզմ են կոչում Արևմուտքում: Ըստ իս, տարբեր են մեր հոգեկան կառուցվածքի բուն հիմքերը»12,- ասում է Կավաբատան` վկայակոչելով, որ իր «անգոյը» չի տեղավորվում արևմտյան փիլիսոփայության հասկացություններում:

Ճապոնացիներն, իրոք, բառիս բուն իմաստով արհամարհում են մահը, և ինքնասպանության հակումն ու միտումը վստահաբար կարելի է ազգային յուրահատկություն համարել, որը դարերի ընթացքում, տարբեր սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությամբ, դարձել է կենսակերպ: «Կենսակերպ» և «ինքնասպանություն», ահա այն պարադոքսայինը, որից սերված սխալ հասկացվածության համար մտահոգվում է Ակուտագավան, ահա այն, ինչը Կավաբատայի գեղագիտության մեկնակետն է:

Միջնադարյան սինկագուի` «ամենօրյա բարոյականության» մասին գրված գրքերը ճապոնացիներին քարոզում են մերժել «ես»-ը և պատրաստ լինել ինքնազոհողության:

Վերևում նշել ենք, որ ժամանակին Ճապոնիայում ինքնասպանությունն ավելին է եղել, քան մահը կռվում: Այն դիտել են բացարձակ հերոսության դրսևորում, ուժի և ինքնատիրապետման ցուցադրություն: Ինքնասպանություն և ինքնատիրապետում պարադոքսը ևս պետք է զավեշտալի թվա մեր ականջին:

Կարելի՞ է արդյոք Կավաբատայի ինքնասպանությանը միտվածության արմատները գտնել ճապոնական ազգային արվեստի հանդեպ սիրահարվածության մեջ: Այո, բայց ոչ Միսիմայի «հանուն հայրենիքի» նշանաբանով:

Ճապոնական արվեստի յուրահատկություններ համարվող բանաստեղծական կայուն ձևերի (հոկուների և թանկաների), թեյախմության արարողության (տյանայոյի), իկեբանայի, անգամ գեյշաների ու մայկոների արվեստի հանդեպ հատուկ պահպանողականություն է դրսևորում Կավաբատան: Նշված ազգային խիստ ընդգծված դրոշմով արվեստները ձեն ուսմունքի արգասիք են:

Ձենը մերժում է աշխարհի բանական ընկալումը և արվեստում դրսևորվում է զուտ հայեցողությամբ: Հետևաբար, ձենը կաշկանդում է մարդու հասարակական ակտիվությունն ու գործունեությունը: Ձենում ստեղծագործական գործընթացի կարևոր պահ է անմիջական, ինտուիտիվ հայեցումը: Իր «Ափաչափ պատմվածքների» մասին Կավաբատան ասում է, որ դրանք չեն ստեղծվել, այլ պարզապես ծնվել են` մերժելով անգամ մարդու ստեղծարար հատկությունը:

Ձենում մահը չի ընկալվում որպես ոչնչացում, ավելին` քայքայում, և ոչ էլ արևմտյան պատկերացմամբ` վերամարմնավորում: «Ես»-ը ձենում հավերժական է, և բնավ նշանակություն չունի «ես»-ի բնույթը: Անհատականությունը հոգեկան գործընթացների ամբողջություն է: Վերամարմնավորումը կատարվում է ամբողջական տարրերով, ինչը մեր իսկական բնույթն է:

Գեղեցիկն ընկալվում է այդ ամբողջության հայեցողության միջոցով, որի համար էլ ճապոնական արվեստում մեծ տեղ է գրավում գեղեցիկի այնպիսի ընկալումը, որը զուգորդվում է փոքրիկի, վաղանցիկության, ակնթարթայինի և անգամ խաբուսիկության հետ:

Սա է պատճառը, որ ինչպես ճապոնական, այնպես էլ շեշտված ձևով Կավաբատայի ստեղծագործություններում հանդիպում են եղյամի, ծաղկած բալենու, լեռան հառաչանքի և նմանատիպ անցողիկ գեղեցկությունների արտացոլումն ու նուրբ ընկալումը:

Մահը ևս այդ գեղեցիկ ակնթարթներից է, կյանքը` նույնպես, որն անդրադառնում է վերջին հայացքում:

Կավաբատայի ստեղծագործությունների ինքնասպանությունները ցուցադրական չեն, դրանցում բացակայում է «հանուն»-ը: Դրանք շատ խաղաղ են կատարվում, անգամ` բնության ձայնին համահունչ: Կավաբատայի հերոսներից մեկն ինքնասպանություն է գործում պարզապես այլևս անելիք չունենալուց, և այս ամենն այնքան ներդաշնակ ու բնական է թվում, որ մենք վայրկյան անգամ չենք մտածում ողբերգության մասին: Ըստ ձենի` յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե որտեղ և ինչ հանգամանքներում է ընդունում մահը, պետք է մեռնի թեթև և գեղեցիկ, ժպիտը դեմքին: Հառաչանքը, արցունքները, ամեն տեսակ հուսահատությունը հանդիմանվում ու դատապարտվում են:

Սակայն կյանքը նաև իրավունք է, նախասահմանված իրավունք: Կա ապրելու և մեռնելու ժամանակը: Իր «Էլեգիա» ստեղծագործության մեջ Կավաբատայի հերոսը, որը ներկայացված է առաջին դեմքով, հանգուցյալ մորն ուղղված խոսքում ասում է. «Բայց ես ամենևին չեմ ափսոսում կյանքս: Հանուն ձեզ հանգիստ հրաժեշտ կտայի նրան, եթե կարողանայի վերափոխել երիցուկին»13: Երիցուկին վերափոխելն անհնար է, իսկ մարդու մահվան իրավունք ձեռք բերելը հնարավոր է վերափոխմամբ, ոչ թե մահն է պատճառ դառնում վերափոխման, այլ վերափոխումն է դեպի մահվան իրավունք տանող ճանապարհը:

Վերափոխում, որը բուդդայական ուսմունքում «լուսավորություն» են կոչում, այսինքն` հասնել այն «անգոյ»-ին, որը, ըստ Կավաբատայի, նիհիլիզմը չէ: Մարդ-վերափոխում բույս կամ կենդանի վերամարմնավորման ընդունված կանոնին երիցուկի օրինակում հակադարձ վեկտորն առաջադրելով` բույս կամ կենդանի-վերափոխում մարդ բանաձևով, ի հայտ է բերում «մոդուլային գեղագիտություն»` բացասական և դրական վեկտորների նույնությամբ, և հանգում հետևյալին, որ այդ երկու վեկտորների սկիզբը 0-ն է, այսպես ասած. «Ոգիների ամեն բան միացնող տոնախմբություն: Սա էլ հենց տիեզերքի սրտի միասնության մասին ուսմունքի քարոզն է: Իսկ եթե տիեզերքը մեկ սիրտ ունի, ուրեմն, ամեն մի սիրտ տիեզերք է: Հիրավի, տիեզերական միաձուլում, ընկղմում նիրվանայի գիրկը բոլորի և ամենի` և՛ խոտերի, և՛ ծառերի, և՛ երկրների, և՛ աշխարհների»14:

Եռաչափ հարթության 0-ն սկիզբն է տարածության ընդգրկունության, անսահմանության և ժամանակի անկորնչելիության: Այն ոչինչ չէ, այն ընդգրկում է բոլորը:

Հետաքրքիր է, որ Կավաբատան ինքնասպանությունից առաջ ոչ մի գրություն չի թողել` տեղի տալով բազմաթիվ մեկնաբանությունների: Ականավոր արձակագիր, ճապոնացի գրողների ընկերության նախագահ Ֆումիո Նիվան իր հայտարարությունում ընդգծեց. «Չկար որևէ պատճառ, որը կարող էր Կավաբատային դրդել այդպիսի գործողության»: Այս պաշտոնական հայտարարության և ինքնասպանի վերջին գրության բացակայության պայմաններում առաջին հայացքից դժվար է դատողություններ անել, սակայն Կավաբատայի ինքնասպանության դրդիչները ոչ թե ամփոփված պիտի լինեին մեկ գրության մեջ, այլ այն պետք է որոնել նրա ամբողջ գրական ժառանգությունում, որը պատկառելի է:

Ըստ ճապոնական հավատալիքների` մեռնելուց առաջ մարդու վերջին ցանկությունը կանխորոշում է նրա գալիք ճակատագիրը։ Գուցե Կավաբատան այս հավատով փորձեց անդրաշխարհում ստեղծել մի ուրիշ գեղագիտություն, որը վեր էր նրա ստեղծած երկրայինից:

ՃԱՊՈՆԱՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՐՈՂՆԵՐ

Ակուտագավա Ռյունոսկե (1892-1927)

Արիմա Յորիտիկա (1918-1980)

Արիսիմա Տակեո (1878-1923)

Դաձայ Օսամու (1909-1948)

Իկուտա Սյունգեցե (1892-1930)

Կավաբատա Յասունարի (1899-1972)

Կավակամի Բիձան (1869-1908)

Կանո Ասիհեյ (1906-1960)

Կատո Միտիո (1918-1953)

Կիտամուրա Տոկոկու (1868-1894)

Կոբայասի Միյոկո (1917-1973)

Կուբո Սակաե (1901-1958)

Կուսակա Յոկո (1931-1952)

Հասուդա Ձեմմեյ (1904-1945)

Հարա Տամիկի (1905-1951)

Մակինո Սինիտի (1896-1936)

Միսիմա Յոկիո (1925-1970)

Մուրակամի Իտիրո (1920-1975)

Նոմուրա Վայհան (1884-1921)

Տանակա Հիդեմիցու (1912-1949)

Ֆուձինո Կոհակու (1871-1895)

--------------------------------------------------------------------------

1 Տոմոմացու Էնտեյ (1895-1973) - ճապոնացի փիլիսոփա, բուդդիզմի մասնագետ, գրել է «Ճապոնացիների հարաբերությունը մահվանը» աշխատությունը:

2 Կան Կիկուտի (1888-1948) - ճապոնացի գրող, սցենարիստ, հրատարակիչ, Ակուտագավաի և Նաոկիի անվան մրցանակի դափնեկիր:

3 «Հագակուրե» անվանումը բառացիորեն նշանակում է «տերևների տակ թաքնված»: Այս ասելով հասկացվում է մի հայտնություն, որը գրեթե անմատչելի է ուսմունքի գաղտնի իմաստը չհասկացողների համար: Ենթադրվում է, որ այս անվանումը վերցված է ճգնավոր Սայգյոյի բանաստեղծություններից: «Հագակուրեում» ժողովված ասույթների մեծ մասը վերագրվում է սամուրայ Յամամոտո Ցունեմոտոյին:

4 Տե՛ս Цунэтомо Ямамото, Хагакурэ, Санкт-Петербург, «Диля», 2010

5 Սինտո (բառացի «աստվածների ուղի») - ճապոնացիների հինավուրց դավանանքը: Ի տարբերություն համաշխարհային կրոնների` սինտոիզմում չկա որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր կամ հեղինակություն:

6 Հոկուսայ (1760-1849) - ճապոնացի հռչակավոր գեղանկարիչ, փորագրիչ: Ունեցել է հիսունին մոտ ստեղծագործական կեղծանուններ` ստեղծագործական ամեն մի փուլում հանդես գալով նոր անունով:

7 Ձեն-բուդդիզմ – ուսմունք և աշխարհայացք, որը նաև որոշակի ապրելակերպ է, բուդդայականության ուղղություններից: Առաջացել է Չինաստանում 6-րդ դարում և ամենամեծ տարածումը գտել Ճապոնիայում: Ուսմունքի հիմքը կազմում է Բուդդայի և բոլոր էակների միասնականության մասին պատկերացումը:

8 Ձույխիցուն ճապոնական գրական ժանր է, բառացի` «գնալ վրձնի հետևից», գրել մտքին եկած ամեն բան, էսսե:

9 Ակուտագավա Ռյունոսկե (1892-1927) - ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական: Ակուտագավան ճանաչվել է Ճապոնիայի ազգային հերոս: Ճապոնիայում գրական բարձրագույն մրցանակը կրում է նրա անունը: 35 տարեկանում ինքնասպան է եղել:

10 Տե՛ս` Յասունարի Կավաբատա, Հազարաթև կռունկը, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 356:

11 Յուկիո Միսիմա (1925-1970) - ճապոնացի արձակագիր, հեղինակ է քառասուն վեպերի (որոնցից տասնհինգը էկրանավորել է մինչև վախճանը), տասնութ պիեսների, նաև պատմվածքների ու էսսեների տասնյակ ժողովածուների: Միսիման նաև թատրոնի ու կինոյի բեմադրիչ ու դերասան էր, սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, աշխարհի շուրջը յոթ պտույտ կատարած օդաչու, միապետականության ջատագով ու սամուրայի երդվյալ հետևորդ, որ կյանքի վերջում սեփական միջոցներով ստեղծել ու պահել է մի ամբողջ ռազմական կազմակերպություն` «Կապիտան Միսիմայի խամաճիկների բանակը»:

12 Տե՛ս` Յասունարի Կավաբատա, Հազարաթև կռունկը, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 366:

13 Տե՛ս Յասունարի Կավաբատա, Էլեգիա: «Սովետական գրականություն» ամսագիր, 1977, թիվ 3, էջ 110:

14 Նույն տեղում` էջ 113:

© Աշոտ Գաբրիելյան
© Ազգային Գաղափար պարբերական

Комментариев нет:

Отправить комментарий